Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է միասնական պաշտպանական տարածքի ստեղծման հարցը

Ռուսաստանի նախագահը Բելառուսի իր գործընկերոջ հետ բանակցություններն արդյունավետ է անվանել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է միասնական պաշտպանական տարածքի ստեղծման հարցը:
«Իհարկե, այսօրվա բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկել ենք թե՛ միասնական պաշտպանական տարածքի ձևավորման, թե՛ Միութենական պետության անվտանգության ապահովման հարցերը, ինչպես նաև համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում՝ հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ-ում նախագահությունը հունվարի 1-ից անցնում է Բելառուսին»,- ասել է Պուտինը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները:
ՌԴ նախագահը նշել է, որ Լուկաշենկոյի հետ բանակցություններն արդյունավետ են անցել։ ՌԴ-ն և Բելառուսը պայմանավորվել են շարունակել համատեղ զորավարժությունները։
«Հիշեցնեմ, որ Ռուսաստանի և Բելառուսի ընդհանուր ռազմական դոկտրինի հետևողական իրականացման շրջանակներում համատեղ ռազմական պլանավորում է անցկացվում։ Գործում է ռուս-բելառուսական տարածաշրջանային զորախումբը։ Ներկայում Բելառուսի տարածքում անցկացվում են մեր երկրի միավորումների և զորամասերի մարտական ներդաշնակեցման միջոցառումներ»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Պուտինը կստիպի Բելառուսին մասնակցե՞լ Ուկրաինայի հատուկ գործողությանը. Պեսկովի պատասխանը
Նրա խոսքով՝ «ստեղծվել և մարտական հերթապահություն է իրականացնում հակաօդային պաշտպանության միասնական համակարգը»։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է նաև, որ Մոսկվան և Մինսկը համատեղ միջոցառումներ կձեռնարկեն երկրների անվտանգության հուսալի ապահովման համար, առաջնահերթության մեջ են զորքերի նախապատրաստման հարցերը:
«Պայմանավորվել ենք այսուհետ ևս համատեղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մեր երկու երկրների անվտանգության հուսալի ապահովման համար, առաջնահերթ ուշադրություն դարձնել զորքերի նախապատրաստմանը, նրանց մարտունակության բարձրացմանը և շարունակել համատեղ վարժանքների և օպերատիվ ու մարտական պատրաստության այլ միջոցառումների կանոնավոր պրակտիկան»,-ասել է Պուտինը:
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են զբաղվել նոր ռազմական տեխնիկայի ստեղծմամբ։
«Իրականացնել պահանջված սպառազինությունների փոխադարձ մատակարարումներ և միասին զբաղվել նոր ռազմական տեխնիկայի արտադրությամբ»,-ասել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 10-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է համատեղ տարածաշրջանային զորախումբ տեղակայելու մասին: Բելառուսի ղեկավարը նաև հայտարարել էր, որ ոչ պաշտոնական ալիքներով Մինսկին նախազգուշացրել են Ուկրաինայի տարածքից հանրապետությանը նախապատրաստվող հարվածի մասին, և նա հանձնարարել է Կիևին հասցնել, որ պատասխանը կոշտ կլինի:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 297-րդ օրը։