ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիմար ու անհիմն է անվանել այն հրապարակումները, որոնց համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկ է մեկնում` ստիպելու Բելառուսին մասնակցել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություններին։
Հարցին` ինչպես եք վերաբերվում պնդումներին, թե բանակցությունների թեման դա է լինելու, Պեսկովը պատասխանել է. «Որպես բոլորովին հիմար, անհիմն մտքերի»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Բելառուսը Ռուսաստանի համար մեկ դաշնակիցն է, ինտեգրման հարցում կողմերը միմյանց շահերին համապատասխանող քայլեր են ձեռնարկում։
«Որևէ մեկը որևէ մեկին չի ստիպում, բոլորը դիմում են այնպիսի քայլերի, որոնք լավագույնս համապատասխանում են մեր ժողովուրդների և մեր միութենական պետության շահերին», – ասել է նա։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կժամանի Մինսկ, որտեղ տեղի կունենան ռուս–բելառուսական բանակցությունները։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 297-րդ օրը։