ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ակադեմիկոս Նիկողայոս Մառի անվանհայագիտության միջազգային գիտական մրցույթը սկսել է իր աշխատանքը, հայտերը կընդունվեն դեկտեմբերի 19-ից հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում: Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց մրցույթի կազմակերպիչ, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Սա իր տեսակի մեջ միակ մրցույթն է։ Գաղափարը ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանինն է, որընույնպես ներկա էր ասուլիսին։
«Այս ասուլիսով մենք հայտարարում ենք գիտական հայագիտության գծով ակադեմիկոս Մառի անվան երկրորդ մրցույթի մեկնարկը», - ասաց Ֆեֆիլովը։
Կազմակերպիչները հայտեր են ընդունում աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետազոտողներից։ Աշխատանքների թեմատիկան ծավալուն է՝ հայոց պատմություն հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը, հայ-ռուսական հարաբերությունների պատմություն, հայ-իրանական, հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց ցեղասպանության հիմնախնդիր, հայկական ազգագրություն, հայ արվեստի պատմություն, բանահյուսություն, կրոն, ժողովրդական հավատալիքներ, հայ լեզվաբանություն, էպիգրաֆիկա և այլն:
Վադիմ Ֆեֆիլով
© Sputnik / Artak Aghababyan
Աշխատանքներ կընդունվեն նաև միջդիսցիպլինար թեմաներով։ Խոսքը վերաբերում է հետազոտություններին, որոնք իրենց մեջ հայագիտական տարր ունեն (հայագիտություն և սլավոնագիտություն, իրանագիտություն, արաբագիտություն և այլն)։
Կազմակերպիչները նշում են, որ հրապարակումը պետք է լինի օբյեկտիվ և գիտական ու բաղկացած լինի առնվազն 60-70 էջից:
Ֆեֆիլովը նշեց, որ առաջին իսկ պահից աջակցել է գաղափարին և հիշեցրեց, որ Ռուսաստանում հայագիտության երկու կենտրոն կա։ Մեկը գործում է Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատանը կից, երկրորդը բացվել է երկու տարի առաջ Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանի բազայի հիման վրա։
Գառնիկ Ասատրյանն իր հերթին պարզաբանեց, որ պատահական չէ, որ մրցույթը Մառի պատվին է անվանակոչվել։
«Մառը ծնվել է Քութայիսում ու մարմնավորում է մի քանի էթնոմշակութային տարերքներ՝ կովկասյան, արևմտյան (քանի որ նրա հայրը շոտլանդացի էր), ռուսական ու հայկական։ Նա հայկական արմատներ չուներ, բայց ամբողջ կյանքում առանձնահատուկ կիրք ուներ հայության հանդեպ», - ասաց Ասատրյանը։
Նրա խոսքով՝ Մառին են պատկանում հայ քերականության, գրաբարի մասին բազմաթիվ աշխատություններ։ Բացի այդ, գիտնականը հիանալի տիրապետում էր գրաբարին։
«Մրցույթը ստեղծվել է հայագիտության և մասնավորապես դրա ռուսալեզու հատվածի զարգացման համար», - ասաց Ասատրյանն ընդգծելով, որ հայագիտության ծագման կենտրոններից մեկը հենց Ռուսաստանն էր։
Գառնիկ Ասատրյան
© Sputnik / Artak Aghababyan
Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են ռուսերեն թարգմանված աշխատանքները։
Հիշեցնենք, որ Մառի առաջին մրցույթին ներկայացվել էր շուրջ 20 աշխատանք Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Նովոսիբիրսկից, Քիշնևից և այլ քաղաքներից։ Եզրափակիչի մասնակիցները ստացան մրցանակներ՝ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ, արժեքավոր նվերներ, ինչպես նաև մրցույթի մասնակիցների հավաստագրեր: