Հունաստանն ու Թուրքիան գաղտնի բանակցություններ են վարել Բրյուսելում․ ԶԼՄ

Բրյուսել. Արխիվային լուսանկար
Թուրքիայի հետ հարաբերությունների ներկայիս ճգնաժամը տևողությամբ աննախադեպ է ու շարունակվում է սրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Բրյուսելում տեղի է ունեցել Հունաստանի վարչապետի դիվանագիտական գրասենյակի տնօրեն Աննա Մարիա Բուրայի և Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի գաղտնի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով newsbreak.gr հարթակին։
Պարբերականը գրում է, որ Իբրահիմ Քալընը և Աննա Մարիա Բուրան խոսել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդական Յենս Պլետների ներկայությամբ։ Նշվումէ, որ հանդիպումն անցկացվել է՝ չնայած «լարվածության ու սպառնալիքի սրընթաց աճին»:
«Բանակցություններն ընթացել են Եվրամիությունում Գերմանիայի պատվիրակության գրասենյակում՝ բաց օրակարգով, առանց նախապայմանների, որ յուրաքանչյուր կողմ կարողանա ուսումնասիրել երկկողմ հարաբերությունները վերսկսելու մյուս կողմի մտադրությունները։ Դրանց ներկա է եղել Յենս Պլետները՝ Օլաֆ Շոլցի դիվանագիտական հարցերով խորհրդականը և Աթենքում Գերմանիայի նախկին դեսպանը», - նշվում է հրապարակման մեջ։
ՆԱՏՕ-ի անդամներ Հունաստանն ու Թուրքիան տարածքային վեճերի պատճառով բազմիցս զինված հակամարտության եզրին են հայտնվել։
Թուրքիան մեղադրում է Հունաստանին այն բանում, որ այն, Լոզանի պայմանագիրը խախտելով, զենք է տեղադրում Էգեյան կղզիներում, որոնք ապառազմականացված կարգավիճակ ունեն։
Բացի այդ, երկրները չեն կարողանում համաձայնեցնել ծովային գոտիների սահմանազատման հարցը և մի շարք այլ խնդիրներ լուծել։
Շոլցն անընդունելի է համարում Հունաստանի նկատմամբ Թուրքիայի տարածքային նկրտումները
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները կտրուկ սրվեցին օգոստոսի 23-ից հետո։ Ըստ Անկարայի հաղորդման` երբ թուրքական F-16–ները Էգեյան ծովի օդային տարածքում կատարում էին ՆԱՏՕ–ի առաջադրանքներ, կործանիչները «որսացել» են Կրետե կղզում տեղակայված հունական ՌՕՈւ–ի Ս-300 ԶՀՀ–ի ռադարները։ Թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են ՆԱՏՕ–ի մակարդակով բարձրացնել Հունաստանի կողմից իրենց ռազմական ինքնաթիռների հետապնդման հարցը։