ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի նախատեսում ավելացնել խաղաղապահ ուժերի թիվը, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է արագորեն մեծ խմբավորում տեղակայել։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ 2022 թվականին կազմակերպության գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփիչ ասուլիսում։
«Խաղաղապահ ուժեր ավելացնելու պլաններ չկան, մենք կարծում ենք, որ ձևավորված կազմը, որում մոտ 3800 մարդ կա, բավարար է: Միևնույն ժամանակ, մենք շատ լավ հասկանում ենք, որ անհրաժեշտության դեպքում կարող ենք շատ արագ տեղակայել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մեծ խմբավորում, դրա համար մենք ունենք այն ամենը, ինչ պետք է»,- ասել է նա։
Մեկնաբանելով Ղրղզստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունների հետաձգումը` Զասը պարզաբանել է, որ պատրաստվում են դրանք անցկացնել ավելի ուշ։ Նրա խոսքով` 2022 թվականին նախատեսված իրադարձություններից միայն դրանք չեն կայացել` ղրղզական կողմի պահանջով։
«Այդ խնդրանքը պայմանավորված էր համապատասխան պայմանների բացակայության պատճառով։ Մենք դա կանենք, բայց մի փոքր ուշ»,- վստահեցրել է Զասը։
Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվեց ՀԱՊԿ գագաթնաժողով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. խմբ.)։