Ֆրանսիայում ավելի քան 200 մարդու են ձերբակալել աշխարհի առաջնության եզրափակիչից հետո

Ոստիկաններ
Ձերբակալություններ են իրականացվել Փարիզում, Լիոնում, Նիցցայում և Բորդոյում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Ֆրանսիայում ոստիկանությունը ձերբակալել է 227 մարդու, որոնցից 47-ին` Փարիզում։ Տեղեկությունը հայտնում է «Figaro» թերթը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը։
Դեռ վճռորոշ խաղից առաջ ոստիկանությունն ու երկրպագուները սկսել են հավաքվել Փարիզի կենտրոնական փողոցում` Ելիսեյան դաշտերում։ Երթևեկությունը փակ է եղել ինչպես այնտեղ, այնպես էլ Հաղթական կամարի մոտ։ Ֆրանսիայի հավաքականի պարտությունից հետո երկրպագուները ճայթուկներ են նետել իրավապահների ուղղությամբ։ Ոստիկանությունն ի պատասխան արցունքաբեր գազ է կիրառել երկրպագուներին ցրելու համար։
Ձերբակալություններ են իրականացվել Փարիզում, Լիոնում, Նիցցայում և Բորդոյում։
Հիշեցնենք` երեկ Կատարում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Մրցաշարի եզրափակիչում արգենտինացիները հաղթեցին ֆրանսիացիներին։ Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց ոչ–ոքի հաշվով (2։2), լրացուցիչ 30 րոպեի ընթացքում հաշիվը դարձավ 3։3։ Խաղի ելքը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածների միջոցով։