Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրավվածության նոր փուլ է սկսում. Ժոզեպ Բորել

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքն արդյունավետ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Եվրամիությունը մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորինգի խմբի գործունեության ավարտից հետո։ Այս մասին այսօր հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով` Եվրամիության 40–հոգանոց անզեն առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, արդյունավետ է եղել և «նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ձևավորմանը»։
«Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար», - Բորելի խոսքերը մեջբերել է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։
Այս համատեքստում դիվանագետը նշել է, որ Եվրոպական խորհուրդը, Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը և նպաստելու նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։
Արևմուտքը համառորեն սեպ է խրում Մոսկվայի և Երևանի համագործակցության ձևաչափի մեջ. Գոնչար
Ակնկալվում է, որ անցումային թիմը կաջակցի նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը խթանելու գործընթացում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը, որից հետո ԵՄ-ն քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկեց Հայաստան։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ամփոփելով «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքները, դեկտեմբերի 12–ին հայտարարեց, որ ՀՀ–ում Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետը չի երկարաձգվի և կավարտվի դեկտեմբերի 19-ին, ինչից հետո դիտորդները կհեռանան Հայաստանից։ Հատկանշական է, որ ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել էր դիտորդական առաքելությունը երկարաձգելու անհրաժեշտության մասին։