ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Երևանի Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու համար 2023 թվականին բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախագծային աշխատանքներն ընթացքում են։
«Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգների չորացնելու նպատակով. արդեն ավելի քան 8 հա մաքրվել է եղեգից: Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ»,– ասված է հաղորդագրությունում:
Շարունակվում է հեղեղատար համակարգերի մաքրման գործընթացը: Հեղեղատարների վերաբերյալ տեղեկությունն ըստ հասցեականության «Վեոլիա Ջուր» ընկերությունը տրամադրել է վարչական շրջաններին:
Գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու հարցին։ Այդ նպատակով վարչական շրջաններում կառուցվում են հատուկ մարզահրապարակներ: Աշխատանքներն ընթանում են Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում: Գործընթացը նշված վարչական շրջաններում նախանշվում է ավարտել մինչև տարեվերջ:
Քաղաքապետարանում նաև որոշվել է երևանյան հուշարձաններին կից տեղադրել մշակութային կոթողների մասին տեղեկություններ պարունակող հատուկ ցուցանակներ: Գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ։
Մայրաքաղաքում բռնկված հրդեհներն արագ մարելու և հետևանքները նվազեցնելու մասով էլ նախորդ տարի նախաձեռնված հիդրանտների տեղադրման և առկա համակարգերի նորոգման աշխատանքների ընթացքում փոխարինվել է 39 հիդրանտ։
Ընթացիկ տարում տեղադրվել է շուրջ 100 հիդրանտ, իսկ 2023թ. դրանց թիվը կավելանա ևս 98-ով՝ ամբողջությամբ ավարտելով ծրագիրը: