ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Տրանսպորտային բոլոր միջոցների երթևեկությունը Վերին Լարսի ճանապարհին (ռուս–վրացական սահման) գտնվող Դևդորակի թունելով կսահմանափակվի։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Թունելը գտնվում է Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակություն ունեցող ճանապարհի 132-135 կմ-ի վրա։
Նշվում է, որ արգելքը կգործի դեկտեմբերի 20-ի ժամը 00:00–ից մինչև դեկտեմբերի 21-ի ժամը 00:00–ն։
Սահմանափակող միջոցը պայմանավորված է վերանորոգման աշխատանքներով։ Թունելի փակ լինելու ընթացքում տրանսպորտային միջոցները կուղղորդվեն դեպի շրջանցիկ ճանապարհ։
Հիշեցնենք, որ Դևդորակի թունելի երկարությունը 2 կմ է։ Երթևեկելի հատվածի լայնությունը` 8.5 մետր։ Թունելի շինարարությունն ավարտվել է 2018 թվականին, այն գտնվում է Դարիալի և Դևդորակի կիրճերի սահմանին։ Այս հատվածն ամենավտանգավորն է վրաց–ռուսական սահմանի ճանապարհին։