Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը Սբերբանկի գիտական մրցանակին է արժանացել

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը Սբերբանկի գիտական մրցանակին է արժանացել
Յուրի Հովհաննիսյանը մեր ժամանակների ականավոր ֆիզիկոսներից է Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ քիմիական տարրը ի պատիվ Յուրի Հովհաննիսյանի «օգանեսոն» է անվանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ գիտնական, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը Սբերբանկի առաջին գիտական մրցանակին է արժանացել։
Գիտության ոլորտում ռուսական խոշորագույն մասնավոր մրցանակը՝ 20 մլն ռուբլու չափով, Հովհաննիսյանին շնորհվել է գերծանր տարրերի սինթեզի հիմնարար աշխատանքների և արագացուցիչների փորձարարական բազայի կայացման գործում ներդրած ավանդի համար, որոնք հիմք են դարձել հեղափոխական միջուկային տեխնոլոգիաների համար:
Սբերբանկի գիտական մրցանակը 2021 թվականից շնորհվում է այն գիտնականներին, որոնք առանձնահատուկ ներդրում ունեն ռուսական գիտության զարգացման գործում։
Մրցանակաբաշխության հանձնաժողովի համանախագահներն են Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը և Սինգապուրի ազգային համալսարանի և Մանչեսթերի համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Կոնստանտին Նովոսելովը:
Յուրի Հովհաննիսյանին ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում է շնորհվել
«Պարգևատրման դիպլոմը ինձ հետ կտանեմ Դուբնա՝ մեր ինստիտուտի թանգարան, իսկ դրամական մասը կթողնեմ, որ իր ակտիվ բանկային կյանքով ապրի «Սբերտանը», բայց նոր կարգավիճակով... Մրցանակային ֆոնդի տեսքով` որպես գիտական չարչարանքներին մոտ լինելու աստիճան։ Իրականում մեծ մրցանակը կյանք կտա փոքրերին, որոնք մենք կտանք գեղեցիկ գաղափարի, հրաշալի փորձի, հետաքրքիր հրապարակման, պայծառ դասախոսության կամ զեկույցի համար: Գիտության մեջ այնքան հոգևոր և գեղեցիկ է ամեն ինչ, ես ուրախ կլինեմ տեսնել այս երազանքների իրականացումը»,- ասել է Հովհաննիսյանը։
Յուրի Հովհաննիսյանի հետ պարգևատրվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ Ալեքսանդր Գաբիբովը և Ալեքսանդր Խոլևոն։
Հիշեցնենք, որ 2019-ին Յուրի Հովհաննիսյանը Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով է պարգևատրվել գիտության ոլորտում նշանակալի ներդրման համար:
Հավելենք, որ 2016թ.-ին Մենդելեևի աղյուսակի 115-րդ ու 118-րդ տարրերը ստացան «Մոսկովիում» (Mc) ու «Օգանեսոն» (Og) անունները` Մերձմոսկովյան շրջանի Դուբնա քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին: