8 օր Լաչինի միջանցքը փակ է. Նիկոլ Փաշինյան

Լաչինի միջանցքը. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետը հիշեցնում է, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և բուժսպասարկումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. 8 օր Լաչինի միջանցքը փակ է, և Լեռնային Ղարաբաղի բնակիչները ցրտին մնում են ճանապարհներին, Twitter-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«8 օր Լաչինի միջանցքը փակ է, և Լեռնային Ղարաբաղի բնակիչները ցրտին մնում են ճանապարհներին, ընտանիքները հայտնվում են շրջափակման հակառակ կողմերում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և բուժսպասարկումից»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։