50 երկիր, 1 միլիոնից ավելի հանդիսատես. «Ֆողմիդաբլը Ազնավուր» ներկայացումը Հայաստանում է

Երաժշտական ներկայացումը հանդիսատեսին պատմում է աշխարհահռչակ շանսոնյեի անցած ճանապարհի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում` «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում, այսօր ցուցադրվում է հայազգի մեծանուն շանսոնյեի` Շառլ Ազնավուրի կյանքի մասին պատմող երաժշտական «Ֆողմիդաբլը Ազնավուր» ներկայացումը։
Փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ներկայացումը Հայաստանում ցուցադրելու առաջարկն արել է ներկայացման հեղինակ և պրոդյուսեր Ժիլ Մարսալան։
«Երբ առաջարկը ստացանք, խորհրդակցեցինք նաև Ազնավուրի ընտանիքի անդամների հետ։ Մեզ ասացին, որ տարիներով երազել են, որ այս ներկայացումը Հայաստանում ցուցադրվի։ Ժիլ Մարսալան մեզ հայտնեց, որ Ազնավուրի ստեղծած 1200 երգերից 25 հատընտիրներն այսօր հնչելու են»,–ասաց Հովհաննիսյանը։
Նա պատմեց, որ շատ է տպավորվել Ազնավուրի և Մարսալայի հանդիպման պատմությունից։ Նրանք միասին են ծրագրել այս ներկայացման կառուցվածքը։ Ցավոք, ներկայացման պրեմիերայի ժամանակ Ազնավուրը ձեռքի վնասվածքի պատճառով ներկա չի եղել, իսկ հետո արդեն մահացել է` այդպես էլ չտեսնելով իր մասին պատմող այս ներկայացումը։
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյան
«50 երկրում 1 միլիոնից ավելի հանդիսատես տեսել է ներկայացումը, ոգևորվել, վստահ եմ` մեր հանդիսատեսին էլ այն դուր կգա։ Ի վերջո, մենք փորձում ենք Ազնավուրի կարոտն առնել»,–ասաց նա։
Նշենք, որ դերերում են երգիչ Ժյուլ Գրիսոնն ու ֆրանսիացի 10 երաժիշտներ (դաշնամուր, ակորդեոն, կոնտրաբաս, հարվածային գործիքներ, ջութակ/ֆլեյտա):
Ժյուլ Գրիսոն
Ժյուլ Գրիսոնի խոսքով` ամեն երկրում տարբեր երգացանկերով են հանդես գալիս: Հայաստանում, օրինակ, պարտադիր երգում են «Քեզ համար` Հայաստա՛ն» երգը , որը գուցե այլ տեղ չերգեին:
«Մանկուց լսել եմ Շառլ, որովհետև ծնողներս լսում էին նրան: Ցավոք, չհասցրեցի նրան հանդիպել, շատ կցանկանայի անձամբ տեսնել մաեստրոյին ու լսել իր կարծիքը։ Այսօր պատասխանատվության զգացողությունը շատ մեծ է, քանի որ ներկայացնում եմ մեծն Շառլ Ազնավուրի երգերը, որոնք հիասքանչ են»,–ասաց նա։
Ժյուլ Գրիսոն
Նշենք, որ երաժշտական ներկայացումը նախատեսված էր հեկտեմբերի 2–ին` Ազնավուրի մահվան տարելիցի օրը, բայց անորոշ ժամանակով հետաձգվել է սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։
1 / 4

«Ֆողմիդաբլը Ազնավուր» ներկայացման երաժիշտները

2 / 4

«Ֆողմիդաբլը Ազնավուր» ներկայացման երաժիշտներից

3 / 4

«Ֆողմիդաբլը Ազնավուր» ներկայացման երաժիշտները

4 / 4

Ժյուլ Գրիսոն

Վաղը «Ֆողմիդաբլը Ազնավուր» ներկայացումը կցուցադրվի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։