ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ–ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու գլխավոր պահանջը պետք է լինի ուկրաինական զորքերի հետքաշումն այն հեռավորության վրա, որտեղից նրանք չեն կարողանա հարվածել կայանին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Զապորոժիեի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ–ն բազմիցս հայտնել է ԶԱԷԿ–ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին։
Ռոգովի կարծիքով` արևմտյան երկրները և Կիևը շարունակում են շահարկել Զապորոժիեի ԱԷԿ–ի անվտանգության վերաբերյալ թեման։
«Բոլորին ակնհայտ է, որ ատոմային կայանի համար վտանգը բացառապես Զելենսկու զինվորների կողմից է գալիս, որոնք բազմիցս գնդակոծել են կառույցը։ Այդ պատճառով անվտանգության գոտու ստեղծման համար մեկ նախապայման կա` Կիևը հետ է քաշում իր զորքերն ու ծանր սպառազինությունն այն հեռավորության վրա, որտեղից նրանք չեն կարողանա հարվածներ հասցնել ատոմակայանին»,– ասել է նա։
Ընդ որում, Ռոգովը նշել է, որ կայանի պաշտպանությունը վերաբերելու է Ռուսաստանի իրավասությանը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների քանակով և հաստատված հզորությամբ այն ամենամեծն ԱԷԿ-ն է Եվրոպայում. կայանում կա մեկական գեգավատտ հզորությամբ վեց էներգաբլոկ: Մարտից ի վեր այն հսկում են ռուս զինվորականները։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ այդ քայլն արդարացված է` միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքից խուսափելու համար: