ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին և վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ Բին Խալիֆա Բին Աբդուլազիզ Ալ Թանիին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը Կատարի էմիրին և վարչապետին մաղթել է քաջառողջություն ու ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն, շարունակական բարգավաճում, առաջընթաց և բարօրություն։
«Հայաստանը բարձր է գնահատում Կատարի հետ ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները, և մենք պատրաստակամ ենք ջանքեր գործադրել փոխշահավետ համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ՝ ի շահ մեր երկու ժողովրդի։ Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Երևանում՝ քննարկելու հայ-կատարական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները և հեռանկարները»,– ասված է էմիրին ուղղված շնորհավորական ուղերձում
Կատարի Պետության վարչապետին դիմելով էլ կարևորել է Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը։ Փաշինյանը հավատացած է, որ համատեղ ջանքերով հնարավոր է նպաստել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում հայ-կատարական կապերի և համագործակցության խորացմանը՝ ի շահ և ի բարօրություն մեր երկու ժողովրդի։
Հիշեցնենք, որ հունիսին պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ։