Վրացական կողմում ծրագրային խնդիրներ կան. «Սպայկայի» ներկայացուցիչը` կուտակումների մասին

Արդեն 10 օր է` հայկական բեռնատարների մուտքը Վրաստանից Հայաստան դժվարացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հայ– վրացական սահմանին` Նինոծմինդա–Բավրա անցակետում, արդեն մի քանի օր է` բեռնատարների կուտակում է։ Հայկական բեռնատարների վարորդները ստիպված են 4-5 օր սպասել վրացական կողմի անցակետը անցնելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության ծրագրերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։
«Վրացական անցակետում ծրագրային խնդիր կա, դրա համար հերթեր են գոյանում։ Դա բեռների զննության կամ մեկ այլ հանգամանքով պայմանավորված չէ, պարզապես վրացական կողմը շատ դանդաղ է աշխատում»,– նշեց նա։
Կարեն Բաղդասարյանը հավելեց նաև, որ այս խնդիրն արդեն 10 օրվա պատմություն ունի, բայց այն միայն Հայաստան մուտք գործող բեռնատարներին է վերաբերում։ Հայաստանից դուրս եկող բեռնատարները սահմանն անցնում են արագ ու առանց խոչընդոտի։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը այսօր գրել էր, որ նույն իրավիճակն է նաև Սադախլո-Բագրատաշեն անցակետում։ Ահազանգող հայ վարորդները ասել էին, որ արդեն 3 օր է, ինչ վրացական կողմում են` Շուլավեր գյուղի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում: Նրանք բողոքել էին, որ հայկական կողմն է շատ դանդաղ աշխատում։