Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Չեմպիոն է դարձել Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Ծանրորդ Վարազդատ Լալայանը (+109 կգ )երկամարտի 461 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Կոլումբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։
Մեկ այլ հայ ծանրորդ` Բահրեյնի կազմում հանդես եկող Գոռ Մինասյանը, արծաթե մեդալ է նվաճել՝ երկու մոտեցման արդյունքում բարձրացնելով 462 կգ (նա ընդամենը 1 կգ-ով է առաջ անցել Հայաստանի դրոշով հանդես եկող Լալայանից)։
Չեմպիոն է դարձել Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն: Երկու վարժությունով նա ցույց է տվել 466 կգ արդյունք։
Հիշեցնենք` Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվեց դեկտեմբերի 5-16-ը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը թիմում ընդգրկել է Անդրանիկ Կարապետյանին, Վարդան Մանուկյանին (երկուսն էլ՝ 89 կգ), Դավիթ Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանին (102 կգ), Վարազդատ Լալայանին և Սիմոն Մարտիրոսյանին (երկուսն էլ +109 կգ):
Աշխարհի առաջնությունում ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ կանանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Իզաբելա Յայլյանը (59 կգ), Տաթև Հակոբյանը, Միլենա Խաչատրյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (+87 կգ)։
Աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար:
Նախքան «Փարիզ-2024»-ը ծանրորդների համար վարկանիշային 6 միջազգային մրցաշար կանցկացվի: