ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. «Տեղահանում» փաստագրական ֆիլմի անձնակազմը դրամահավաք է սկսել ֆիլմի աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, այժմ երիտասարդներն ունեն գումարի կարիք ֆիլմի հետարտադրական փուլը կազմակերպելու համար։
Ռեժիսոր Երվանդ Ռումյան
© Sputnik / Aram Nersesyan
Նշենք, որ «Տեղահանում» ֆիլմն արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված հայերի մասին է, որոնք հարկադրաբար դուրս եկան իրենց բնակավայրերից։
Ֆիլմի պրոդյուսեր Էդգար Խաչատրյանը
© Sputnik / Aram Nersesyan
Ռեժիսոր Երվանդ Ռումյանը պատմում է, որ ֆիլմի գաղափարը ծագել է պատերազմից հետո, իսկ երբ հանդիպել է Քարվաճառից տեղահանված մարդկանց, պարտավորվել է, որ ֆիլմն անպայման կլինի։
«Մինչ այդ կարճամետրաժ ֆիլմ էի նկարել հենց պատերազմի մասին , բայց երբեք չէի պատկերացնի, որ հետպատերազմյան իրավիճակի մասին ֆիլմն ավելի ծանր կլինի, քան բուն պատերազմի մասին ֆիլմը։ Հերոսներն ամիսներ անց խոսում են տեղահանումից և նորից վերապրում այդ հույզերը։ Մենք շատ ենք ուզում, որ այս ամենը նաև հանդիսատեսը տեսնի»,– ասում է ռեժիսորը։
Պատրաստ է «Տեղահանում» ֆիլմի թրեյլերը։ Ֆիլմը վերջնական տեսքի հասցնելու համար անձնակազմին հարկավոր է մոտ 8 մլն դրամ։ Ստեղծագործական կազմը հույս ունի, որ գումարը կհավաքվի, և իրենց կատարած աշխատանքը ջուրը չի ընկնի։
Փաստագրական ֆիլմում իրական ապրումներ և զգացողություններ են, որոնք փաստում են տեղահանության համամարդկային դաժանությունն ու ողբերգականությունը:
Նշենք, որ դրամահավաքն իրականացվում է reArmenia հարթակի միջոցով։