ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի փակումը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման գործընթացին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ, այն դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։ Մենք ուրախ ենք, որ վերականգնվել է գազամատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ, քանի որ էներգետիկ ենթակառուցվածքներում խափանումները կարող են մարդասիրական ճգնաժամի հանգեցնել։ Մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, իսկ դրա ճանապարհը բանակցություններն են»,- հայտարարել է Պատելը։
Նրա խոսքով ՝ դժվար է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ժամանակի մասին։
«Սա մի հարց է, որով, ինչպես գիտեք, պետքարտուղարը (Էնթոնի Բլինկենը,–խմբ.) մեծապես հետաքրքրված է և շատ մեծ ուշադրություն է հատկացնում դրան»,–ասել է նա։
Նա հավաստիացրել է նաև, որ պետդեպարտամենտի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ևս շարունակում են այս հարցում խորապես ներգրավված լինել։
Պատելը համոզված է, որ ԱՄՆ-ն կշարունակի ակտիվորեն մասնակցել հարցի լուծմանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Այսօր առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։