ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Չինական TikTok հավելվածի հանրաճանաչությունը Վաշինգտոնի համար մտահոգության առիթ է, քանի որ այդ սոցցանցը կարող է իրական վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը։
«Կարծում եմ, որ այն (հավելվածը, – խմբ.) իսկապես մտահոգության պատճառ է կառավարության համար», – ասել է Բերնսը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ կիսում է մտավախություններն այն պաշտոնյաների, որոնք հավելվածը սպառնալիք են անվանում ազգային անվտանգության համար։
Բերնսի խոսքով` TikTok–ը չինական ընկերություն է, իսկ դա նշանակում է` ՉԺՀ–ի կառավարությունը կարող է պնդել, որ իրեն հասանելիություն տրամադրեն ամերիկյան օգտատերերի տեղեկություններին, և ստանա այդ իրավունքը, ինչպես նաև վերահսկի սոցցանցի կոնտենտը։
«Ես շատ զգույշ կլինեի», – ասել է Բերնսն ի պատասխան հարցի, թե ինչ խորհուրդ կտա հավելվածի օգտատերերին։
Ավելի վաղ ԱՄՆ–ի սենատը հաստատել էր դաշնային կառավարության էլեկտրոնային սարքերում TikTok հավելվածը տեղադրելու արգելք սահմանող օրինագծին։ Կարճ տեսանյութերի ստեղծման և դիտման համար նախատեսված հայտնի հավելվածն արգելված է նաև Ջորջիա, Տեխաս, Ալաբամա, Հյուսիսային և Հարավային Դակոտա նահանգների պետական ծառայողներին։