ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Իտալացի գիտնականները նախատեսում են 15 ամսում փոքր միջուկային ռեակտոր հավաքել Լուսնի և Մարսի վրա տիեզերագնացների առաքելությունների իրականացման համար։ Այս մասին տեղեկանում ենք Il Sole 24 Ore–ից։
Նախագծի իրագործման վրա աշխատելու է ENEA–ն (Նոր տեխնոլոգիաների և Իտալիայի կայուն զարգացման գործակալություն) և Իտալիայի տիեզերական գործակալությունը (ASI)։
Մի քանի տասնյակ կիլովատ հզորությամբ այդ փոքր ռեակտորները տիեզերագնացների համար այլ մոլորակների վրա վայրէջք կատարելուց հետո պետք է էներգիայի աղբյուր դառնան։
ENEA–ի միջուկային անվտանգության դեպարտամենտի ղեկավար Մարիանո Տարանտինոն նշում է, որ նախատիպերն ուզում են մոդուլային անել, որպեսզի հնարավորության դեպքում դրանք կոմպակտ տեղավորեն, իսկ դրանցից մեկի անսարքության դեպքում հնարավոր լինի օգտվել մյուսներից։
Հատուկ ուշադրություն է դարձվելու ռեակտորների զանգվածի նվազեցմանը, ինչը շատ կարևոր է, հաշվի առնելով այն, որ տիեզերանավում պետք է տնտեսել յուրաքանչյուր կիլոգրամը։
Նշենք, որ Kilopower նախնական անվանումով նման ռեակտոր մշակվում է նաև ԱՄՆ–ում` NASA–ի և մի շարք այլ կենտրոնների կողմից։