ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Ածխի համաշխարհային սպառման առումով 2022 թվականը ռեկորդային կլինի։ Այս մասին ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում։
Ակնկալվում է, որ տարվա արդյունքներով աշխարհում ածխի սպառումը կաճի մոտ 1,2%–ով և կգերազանցի 8 մլրդ տոննան։ Եվրոպան ավելացնում է սպառումն արդեն երկրորդ տարին անընդմեջ (այս տարի ՌԴ–ից գազի մատակարարման սահմանափակումների պատճառով)։ Սակայն մինչև 2025 թվականը Եվրոպայում անկում է սպասվում նույնիսկ 2020–ի ցուցանիշներից։
«Դատելով ամենից, CO2–ի արտանետումների ներկայիս ճգնաժամն արագացնում է վերականգնվող էներգիայի օգտագործման միտումները, ինչպես նաև բարձրացնում էներգետիկ արդյունավետությունը», – նշել է Միջազգային էներգետիկ գործակալության շուկայի և անվտանգության գծով տնօրեն Կեիսուկե Սադամորին։
Միևնույն ժամանակ սպառումն անդադար կաճի զարգացող ասիական երկրներում, որոնք էներգետիկայի ոլորտում դեռ «կանաչ հեղափոխություն» չեն իրականացնում։
Սրան են գումարվում նաև իրավիճակային գործոնները` Չինաստանում` ածխի խոշորագույն համաշխարհային սպառող երկրում, այս ամռանը գրանցված երաշտի պատճառով (և ՀԷԿ–ի արտադրության կրճատման) ստիպված են եղել ավելացնել ածխային ՋԷԿ–երի արտադրությունը։ Չնայած այս ամենին` ամբողջ աշխարհում ներդրողները ածխարդյունաբերության երկարաժամկետ նախագծեր չեն զարգացնում։
Թեպետ բարձր պահանջարկի պատճառով ածխի գներն աճել են, սակայն ներդրողները կասկածում են, որ այն պահանջված կլինի մի քանի տարվա կտրվածքով։