Հայաստանում ՏՏ ստարթափերի հարկային արտոնությունները կերկարաձգվեն

Դավիթ Սահակյան
Փոխնախարար Դավիթ Սահակյանի պնդմամբ` մյուս տարի կքննարկվի ոլորտում արտոնությունների հարցի երկարաձգումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Սկսնակ ՏՏ ընկերությունների հարկային արտոնությունները կերկարաձգվեն ևս մեկ տարով։ ԱԺ–ն 66 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։
Օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը նշեց, որ 2023 թ.–ի ընթացքում քննարկումներ կանցկացվեն, որպեսզի այս արտոնություններն ավելի երկարացվեն։
Հարակից զեկույցով ելույթ ունեցող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ հարկային արտոնությունները չեն կարող անժամկետ լինել, քանի որ այդպես ոլորտում անհավասար պայմաններ կստեղծվեն։
«Պետք է հաստակ հասկանալ, թե ինչ արդյունք ենք ստանալու այս արտոնության արդյունքում», - նշեց Թունյանը։
Իսկ ԱԺ փոխխոսնակ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ ՏՏ ձեռնարկությունները հարկային արտոնություններ ունեն նաև տարածաշրջանի այլ երկրներում։ Ըստ նրա, Հայաստանը չպետք է պարտվի այս հարցում։