ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածի անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տեղեկագրում։
Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պատասխանատվության գոտում սադրանքներ չեն արձանագրվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Այսօր առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։