Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով դատաքննությունն ավարտվեց

Դատարանը վճիռը կհրապարակի 2023 թվականի հունվարի 10–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատաքննությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց երկրորդ նախագահի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։
Ալումյանը նշեց, որ այսօր տեղի ունեցած դատական նիստում հետազոտվել են գործով ապացույցները։ Նիստին ներկա է եղել նաև Փաշինյանի ներկայացուցիչը։
«Մեզ համար ընդունելի չեն Փաշինյանի ներկայացուցիչ հակափաստարկները։ Ասում է՝ ապացուցեք, որ Ռոբերտ Քոչարյանին եմ նկատի ունեցել։ Սա էր նրա հակափաստարկը։ Ես չգիտեմ, թե դատարանը ինչ վճիռ կկայացնի։ Հուսով եմ՝ մեր հայցը կբավարարվի»,–հավելեց փաստաբանը։
Դատարանը վճիռը կհրապարակի 2023 թվականի հունվարի 10–ին։
Քոչարյանի փաստաբանները ներկայացված հայցով դատարանից պահանջում են Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվոր Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ և պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել 01.03.2021 թվականին Հանրապետության հրապարակում հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները` հերքումը տարածելով Հայաստանի կառավարության պաշտոնական Youtube ալիքով, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, պատասխանող Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, հանրային հեռուստաընկերության «Լուրերի» Youtube ալիքով, 1in TV-ի Youtube ալիքով, «Ազատություն» TV-ի Youtube ալիքով, 168.am–ի Youtube ալիքով, PastinfoTV-ի Youtube ալիքով, armeniasputnik.am, armtimes.com, news.am, 168.am էլեկտրոնային լրատվության միջոցներով: