Պետք է շտապ վերականգնվի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. ԵԽԽՎ դիտորդների հայտարարությունը

ԵԽԽՎ
ԵԽԽՎ–ի` Ադրբեջանի և Հայաստանի մոնիտորինգի գծով համազեկուցողները վերահաստատել են, որ պատրաստ են քաղաքական աջակցություն ցուցաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը պետք է շտապ վերականգնվի։ Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)` Ադրբեջանի և Հայաստանի մոնիտորինգի գծով չորս համազեկուցողների հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԽԽՎ–ի կայքում։
Նրանք նաև մտահոգություն են հայտնել Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատության խախտմամբ, ինչը զգալի դժվարություններ է ստեղծում բնակչության համար։
«Կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,– նշվում է Յան Լիդել-Գրեյնջերի (Միացյալ Թագավորություն), Լիզ Քրիստոֆերսենի (Նորվեգիա), Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա, SOC) և Բորիանա Աբերգի (Շվեդիա) ստորագրած հայտարարությունում:
Նշվում է, որ ստեղծված իրավիճակը և դիվանագիտական ջանքերը դեկտեմբերի 14-ին քննարկվել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոկֆոյի հետ:
«Մենք վերահաստատում ենք, որ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական աջակցություն, այդ թվում՝ տարածաշրջանում փաստահավաք առաքելություն իրականացնելու միջոցով»,- եզրափակել են զեկուցողները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։