ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի. այս վիճակը կարող է լուրջ հումանիտար ճգնաժամի հանգեցնել։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանտա Փաուերը։
«Այս միջանցքը է չափազանց անհրաժեշտ սննդամթերք և դեղամիջոցներ մատակարարելու կարևոր երթուղի է։ Դրանց համար պետք է անխափան մուտք ապահովվի»,–գրել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։