Կոռուպցիոն ռիսկ, ընդվզում. ինչ խնդիրներ կարող է բերել կատալիզատորների հետ կապված որոշումը

Երևան. Արխիվային լուսանկար
Շատ մեքենաներից կատալիզատորը միտումնավոր հանելու պրակտիկան տարածված է մեր երկրի ներսում, քանի որ առանց չեզոքացուցիչի մեքենաները Հայաստան չեն կարող ներմուծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության կողմից կատալիզատորների հետ կապված որոշումը հանրությունը հանգիստ չի ընդունելու, և կարող է որոշակի ընդվզումներ լինեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը` անդրադառնալով կատալիզատորների արտահանման արգելքի և տեխզննության կարգի խստացման վերաբերյալ կառավարության որոշմանը։
Նշենք, որ կառավարության որոշմամբ առաջարկվում է խստացնել ավտոմեքենաների ամենամյա տեխնիկական զննության պայմանները և պարտադիր պահանջ սահմանել շարժիչների արտանետումներում ածխածնի ու ազոտի օքսիդների (CO2 և NOx) պարունակության չափումը։ Այս տարրերը պարտադիր կերպով կներառվեն նաև տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի քարտում նշվող վնասակար նյութերի շարքում։
Կառավարության այս որոշումը նախատեսվում է կիրառել 2024 թվականի հունվարի 1-ից` տեխնիկական զննության կայաններին հնարավորություն տալով առաջիկա 1 տարվա ընթացքում անհրաժեշտ վերազինում կատարել, իսկ ավտոմեքենաների տերերին` իրենց մեքենաների տեխնիկական վիճակը համապատասխանեցնել նոր պահանջներին։
«Ավտոմեքենայում կատալիզատորը վերականգնելը տեխնիկապես բարդ չէ, բայց մարդիկ, որոնք 10, 15 կամ 20 հազար դրամով դրանք հանել և վաճառել են, ներկայում ստիպված կլինեն գնել 100, 150 200 հազար դրամով։ Մեծ մեքենաների դեպքում նույնիսկ հնարավոր է 300 հազար ծախս անեն չեզոքացուցիչը վերականգնելու համար»,–ասաց Պետրոսյանը։
Այս որոշմամբ քայլ է արվում օդի աղտոտվածության խնդիրը լուծելու, սակայն Պետրոսյանի խոսքով, զուգահեռ կարևոր է որոշման հետևողական վերահսկողությունը, քանի որ կատալիզատորների թանկ լինելու հանգամանքով պայմանավորված` սա կարող է կոռուպցիոն ռիսկեր առաջանան տեխզննման կայաններում։ Մարդիկ տեխզննման կտրոնը ստանալու համար կարող են դիմել լրացուցիչ քայլերի, որպեսզի չֆիքսվի չեզոքացուցիչի բացակայությունն ավտոմեքենայի վրա։
«Կատալիզատորների հարցն իրականում բավականին լուրջ է դրված, քանի որ գիտենք, որ շատ մեքենաներից միտումնավոր հանում են սարքին վիճակում գտնվող չեզոքացուցիչները և վաճառում։ Դա բնականաբար ազդում է մեքենաների արտանետման համակարգերի ճիշտ աշխատանքի վրա, ինչն էլ հանգեցնում է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացմանը»,–ընդգծեց նա։
Հետևաբար, կարևոր է, որ որոշումը ճիշտ ներկայացվի հանրությանը, քանի որ հասարակությունն անտարբեր է էկոլոգիային և նաև այն խնդիրներին, որոնք առաջանում են աղտոտված օդից. մարդիկ գերադասում են կարճաժամկետ շահույթը։
Կատալիզատորը մեքենայից հանելու և վաճառելու պատճառը դրանում առկա թանկարժեք մետաղներն են, որոնք քիչ ծավալով են մեկ կատալիզատորի մեջ, սակայն մի քանիսն ունենալու դեպքում հնարավոր է թանկարժեք մետաղներ կորզել։
Նրա խոսքով` կատալիզատորը հանելու պրակտիկան հիմնականում տարածված է երկրի ներսում, քանի որ առանց չեզոքացուցիչ մեքենաները Հայաստան չեն կարող բերվել։
«Առանց չեզոքացուցիչի մեքենայի շահագործումն արգելված է նաև Հայաստանում` ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով։ Այն մեքենաները, որոնք չունեն իրենց վրա չեզոքացուցիչներ, առաջին հերթին չեն կարող շահագործվել, չեն կարող անցնել տեխնիկական զննում։ Ցավոք, մեզ մոտ տեխնիկական զննումը որոշակի ֆորմալ բնույթ է կրում և այն ցանկը, որը գոյություն ունի ստուգիչ թերթիկում ամբողջությամբ չի ստուգվում, այլ ստուգվում են մեկ–երկու կետեր, հիմնականում արգելակների հետ կապված»,–ասաց նա։
Այնուամենայնիվ, մեր զրուցակցի դիտարկմամբ, կատալիզատորի վերականգումը բացի թանկ լինելուց նաև բավական բարդ պրոցես է, քանի որ կան մեքենաներ, որ հին են, դրանց կատալիզատորը գտնելը բարդ է։ Ուստի նա առաջարկում է, որ որոշ խավերի համար կատալիզատոր ձեռք բերելու արտոնյալ պայմաններ սահմանվեն կամ հատուկ ֆինանսավորում տրամադրվի։
Բացի այդ, Պետրոսյանի համար անհասկանալի է նաև, թե ինչու է արտահանման արգելքը սահմանվել 6 ամսով, այլ ոչ 12 կամ ընդհանրապես։
Կատալիզատորների կերամիկական մասում առկա թանկարժեք նյութերն օգտավործվում են արտերկրում, և 2023թ.-ի հունվարի 1-ից Հայաստանից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքով կկանխվի կատալիզատորների հանումը, քանի որ իրացման շուկա չլինելու դեպքում մարդիկ մեքենաներից չեն հանի այն։