Կարեն Անդրեասյանի աշխատավարձը կդառնա շուրջ 2 մլն դրամ

Կարեն Անդրեասյան. Արխիվային լուսանկար
Արդարադատության նախարարությունը հիմնավորում է, որ ԲԴԽ անդամի վարձատրությունը չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. 59 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։
Ըստ օրենքի նախագծի` ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրին ամսական կվճարվի հավելյալ շուրջ 500 միլիոն դրամ, իսկ ԲԴԽ նախագահին` 665 հազար դրամ։
Արդարադատության նախարարությունը հիմնավորում է, որ ՀՀ Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից: Իսկ Վճռաբեկ դատարանի դատավորները, այդ թվում` դատարանի նախագահն ու պալատի նախագահն ամեն ամիս իրենց պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում են ստանում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնային դրույքաչափը 1 331 200 դրամ է, իսկ դրա 50 տոկոսը կազմում է 665.600 ՀՀ դրամ։ Այսպիսով` ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ամսական 1 996 800 դրամ աշխատավարձ կստանա։
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնային դրույքաչափը 998 400 ՀՀ դրամ է, դրա 50 տոկոսը՝ 499.200 ՀՀ դրամ։ ԲԴԽ անդամները ամսական կստանան 1 497 600 դրամ վարձատրություն։
Ի դեպ, այս փոփոխությունը օրենքում, 2023թ–ի բյուջեի համար լրացուցիչ 61.900.800 ՀՀ դրամ ծախս է ենթադրում։