ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Գրագետ բովանդակությունն առաջնահերթ նշանակություն ունի լրատվական Telegram ալիքն առաջ մղելու հարցում, իսկ դրա ստեղծման հիմնական կանոնները լակոնիկությունն ու տեքստի պարզությունն են, պատկերավոր լինելը (թվեր, փաստեր, վիճակագրություն, պատկերներ), արագությունը, բացառիկությունը։ Այս մասին SputnikPro նախագծի շրջանակում վարպետության դասի ժամանակ ասաց Մերձավոր արտասահմանի և Բալթյան երկրներում Sputnik մուլտիմեդիոն կենտրոնների տնօրինության պրոդյուսեր Մարիա Կաբանովան։
«Անհնար կլինի առաջ մղել ալիքը, եթե բովանդակությունը համացանցի օգտատերերին հետաքրքիր չլինի», – նշեց նա։
Ըստ նրա` Telegram–ը «զբաղված մարդկանց» համար նախատեսված նորությունների հարթակ է, այդ իսկ պատճառով կոնտենտի մատուցումը պետք է հնարավորինս թեթև լինի, անհրաժեշտ է գրել պարզ բառերով և խուսափել գրասենյակային արտահայտություններից։ Տնտեսական բարդ տեքստերը, օրինակ, պետք է բաշխել ըստ սյունակների, կամ ներկայացնել ինֆոգրաֆիկայի տեսքով։
Վարպետության դասի ժամանակ
© Andranik Ghazaryan
Եթե ալիքի հեղինակն ուշացրել է լուրի թողարկումը, այն բոլորից ուշ թողարկելն անիմաստ է։ Գերադասելի է նոր փաստեր գտնել կամ հրապարակել բացառիկ մեկնաբանությամբ։
Ինչպես զրոյից առաջ մղել Telegram–ալիքը
Կաբանովան Telegram–ալիքը համեմատեց ջրատար խողովակի հետ, որտեղից անդադար բաժանորդների արտահոսք է լինում, այդ իսկ պատճառով ալիքի լսարանին պահպանելու միակ տարբերակը կանոնավոր կերպով նոր բաժանորդներ ներգրավելն է։
Ըստ նրա` ալիքի առաջին բաժանորդները կարող են դառնալ ընկերներն ու ծանոթները։ Այնուհետև առաջխաղացումն արդեն ենթադրում է սոցցանցերում, այլ Telegram ալիքներում տվյալ ալիքի նյութերի վերատարածում (այսպես կոչված՝ փոխադարձ PR)։
Դրա համար անհրաժեշտ է ալիքի հղումը տեղադրել սոցցանցերի սեփական բոլոր խմբերում և անձնական էջերում, հայտարարել ալիքի ստեղծման մասին։
Եվ վերջապես, լսարանը հնարավոր է մեծացնել նաև գովազդային տեքստերի օգնությամբ։
Սեմինարի մասնակիցներին փորձագետը ծանոթացրեց Telegram–ալիքների և TGStat չաթերի հսկայական կատալոգին, որոնց միջոցով կարելի է հետևել ինչպես սեփական, այնպես էլ այլ ալիքների վիճակագրությանը։
Սեմինարի մասնակիցների կարծիքները
Հայկական երկրորդ հեռուստաալիքի լրագրող Լիլիթ Կոստանյանը խոստովանեց, որ դասախոսության ընթացքում ներկայացված տեղեկությունը բավական օգտակար էր և մատչելի։
Միևնույն ժամանակ PastInfo լրատվական գործակալության թղթակից Լուսինե Հայրապետյանը նշեց, որ սեմինարի ընթացքում ստացած գիտելիքները պետք կգան ռուսալեզու Telegram–ալիքի ստեղծման ժամանակ։
Սեմինարի մեկ այլ մասնակից էր «Գոլոս Արմենիա» թերթի աշխատակից Կարեն Վրթանեսյանը։
Վարպետության դասի ժամանակ
© Andranik Ghazaryan
«Դասընթացից մի շարք նորություններ քաղեցի, մասնավորապես, տեղյակ չէի TGStat ռեսուրսի մասին։ Իհարկե, ամեն ինչ հնարավոր է ինքնուրույն գտնել և ուսումնասիրել, բայց դրա համար ամիսներ կարող են պահանջվել։ Իսկ սեմինարի ընթացքում ամեն ինչ բավական մատչելի մատուցվեց», – ասաց նա։
SputnikPro-ն Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի նախագիծն է լրագրողների, պրոֆիլային բուհերի ուսանողների, մամուլի ծառայությունների աշխատակիցների և մեդիաոլորտի այլ մասնագետների համար։ Նպատակը` արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակում, մեդիահաղորդակցության և մասնագիտական կապերի զարգացում։
Նախագիծն իրականացվում է 2018թ․-ի մարտից։ Այդ ընթացքում SputnikPro վարպետության դասեր են անցկացվել Աբխազիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Հունաստանում, Վրաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Էստոնիայում և Հարավային Օսեթիայում: