ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ Կատարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լավագույնն է պատմության մեջ։
«Ցանկանում եմ առանձին գովել կին մրցավարներին և Մարոկկոյի հավաքականին, որը դուրս եկան կիսաեզրափակիչ։ Աշխարհի առաջնությունն անհավանական հաջողված դարձավ բոլոր ուղղություններով։ Իհարկե, ամենակարևորը երկրպագուներն են։ ՖԻՖԱ–ի եկամուտը այս ԱԱ–ում կազմում է 7.5 մլրդ դոլար։ Սա 1 միլիարդով շատ է 4 տարի առաջվա ցուցանիշից։ 3.27 մլն հանդիսատես է այցելել ԱԱ-2022-ի խաղերը դիտելու, իսկ Ռուսաստանում անցկացված առաջնության ժամանակ` 3.03 մլն։ Ամենաշատ երկրպագուները ժամանել էին Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, ԱՄՆ–ից, Մեծ Բրիտանիայից և Մեքսիկայից»,– ասել է Ինֆանտինոն։
Հիշեցնենք` Կատարը արաբական առաջին երկիրն է, որը ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու իրավունք է ստացել։ Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչ խաղը կանցկացվի դեկտեմբերի 18-ին Կատարի «Լուսայլ Իկոնիկ» մարզադաշտում։