ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Եվրամիությունը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փաթեթում ներառված են տնտեսական նոր սահմանափակումներ, ինչպես նաև անհատական պատժամիջոցներ գրեթե 200 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ:
Ըստ այդմ` սահմանափակումների տակ են հայտնվել փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, գիտության և կրթության նախարար Վալերի Ֆալկովը, աշխատանքի նախարար Անտոն Կոտյակովը, արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը և արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն:
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նաև մշակույթի գործիչներ Նիկիտա Միխալկովի, Գրիգորի Լեպսի, Մարինա Կիմի, Բորիս Կորչևնիկովի, Դմիտրի Պուչկովի նկատմամբ։
Ցուցակներում հայտնված անձանց ակտիվները կսառեցնեն եվրոպական տարածքում, ֆիզիկական անձանց կարգելեն նաև այցելել Եվրամիություն:
Ցուցակներում հայտնված անձանց ակտիվները կսառեցնեն եվրոպական տարածքում, ֆիզիկական անձանց կարգելեն նաև այցելել Եվրամիություն:
Ընդլայնվել են պատժամիջոցները ռուսական երեք բանկերի, այդ թվում` տարածաշրջանների զարգացման համառուսաստանյան բանկի, ՆՏՎ/ՆՏՎ «Միր», «Ռոսիա 1», ՌԵՆ TV և Առաջին ալիք հեռուստաալիքների նկատմամբ։
Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ռուսաստանի բոլոր խորհրդարանական կուսակցությունների, ՌԴ զինված ուժերի, ռազմածովային ուժերի, օդատիեզերական ուժերի, ցամաքային զորքերի նկատմամբ։
Հիշեցնենք` Արևմուտքը Ուկրաինայի պատճառով ուժեղացրեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը, ինչը հանգեցրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով` Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը կլուծի բոլոր այն խնդիրները, որոնք նրա համար ստեղծում է Արևմուտքը։