Արցախի գազամատակարարումը վերականգնվել է առանց որևէ նախապայմանի. Վարդանյան

Նա նշել է, որ շրջափակման մեջ գտնվելու 96 ժամվա փորձից պետք է դասեր քաղել, քանի որ խնդիրներն այսքանով չեն ավարտվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Արցախի պռետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Այս հաղթանակը մեր բոլորիս հաղթանակն է։ Մենք ցույց տվեցինք, որ միասնական ենք, մենք չենք ընկճվելու, մենք ունենք կամք ու միասնություն»,–ասել է Վարդանյանը։
Նա նշել է նաև, որ այսօրվա ընթացքում հնարավոր է` նաև Լաչինի միջանցքը բացվի, և դա նույնպես արվելու է առանց որևէ նախապայմանի։
«Դա իրենց որոշումն է (ադրբեջանցիների,–խմբ), դա իրենք են որոշել, որովհետև զգացել են, որ իրենք ինչ սխալ են արել։ Որովհետև և՛ այստեղ` ներսում, և՛ դրսում, նրանք ենթարկվել են ճնշումների»,–ասել է Արցախի պետնախարարը։
Նա նշել է, որ շրջափակման մեջ գտնվելու 96 ժամվա փորձից պետք է դասեր քաղել, քանի որ խնդիրներն այսքանով չեն ավարտվում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։