ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարարը հրահանգել է դպրոցներում արգելել բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքներն ու կրթադաստիարակչական միջոցառումները, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթի ձեռքի տակ մի շրջաբերական է հայտնվել, որտեղ տիկին նախարարը Երևանի փոխքաղաքապետին ու ՀՀ բոլոր մարզպետարանների գլխավոր քարտուղարներին հրահանգ է իջեցրել խուսափել դպրոցների ռազմականացումից:
«Ավելի պարզ ասած՝ դա նշանակում է հրաժարվել համագործակցել ռազմական այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Կոմանդոս ռազմամարզական ակումբը», «Զարկ» ծրագիրը, «Փոքր Մհերը», ՈՄԱ (Ողջ մնալու արվեստը) ռամահայրենասիրական հասարակական կազմակերպությունը եւ այլն: Ժաննա Անդրեասյանը վերոնշյալ շրջաբերականը դեռ փոխնախարար եղած ժամանակ է ստորագրել»,–գրում է թերթը։
Սա նշանակում է, որ դպրոցներում, փաստորեն, բացի «Նախնական զինվորական պատրաստվածություն» (ՆԶՊ) առարկայից, դպրոցականները ռազմահայրենասիրական այլ ծրագրերի ու դասընթացների այլեւս չեն կարող մասնակցել:
Թերթը գրում է, որ սա կառավարող ուժի գործելաոճն ու ձեռագիրն է՝ ինչքան հեռու հայրենասիրությունից, այնքան ավելի լավ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել, դեկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Դումանյանի փոխարեն նախարար է նշանակվել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։