Որևէ մեկը չպետք է պարանն իր կողմ ձգի. ՌԴ ԱԳՆ–ն` ԼՂ–ի վերաբերյալ հայտարարության մասին

Մարիա Զախարովա
Զախարովան նշել է, որ ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի, թե եռակողմ հայտարարությունը որքանով է հավասարազոր այս կամ այն կողմի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է պարտադիր իրականացվի բոլորի կողմից։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով այն պնդումները, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունները գոյություն ունեն միայն հայկական կողմի համար, իսկ Բաքուն կարող է հանգիստ խախտել դրանք` ազատ չարձակել գերիներին, գրավել Լեռնային Ղարաբաղի նոր տարածքներ, շրջափակել Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը։
«Հայտարարությունները եռակողմ են, և դրանք ստորագրել են երեք պետության ղեկավարները։ Սա ենթադրում է, որ դրանք հավասարազոր են բոլոր պետությունների պարտավորությունների կատարման առումով։ Նրանք ոչ միայն ստորագրողներ են եղել, այլև մշակել են այդ պայմանավորվածությունները։ Այս պարագայում որևէ մեկը չպետք է պարանն իր կողմ ձգի։ Բոլոր թղթերը ստորագրվել են տվյալ երկրների կողմից և մշակվել կոլեկտիվ հիմունքներով»,– նշել է Զախարովան։
Նրա խոսքով` ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի, թե որքանով է եռակողմ հայտարարությունը հավասարազոր այս կամ այն կողմի համար։
«Բոլորը պետք է իրականացնեն այն, ինչի տակ ստորագրել են»,– ավելացրել է դիվանագետը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Նշենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։