Վարչապետը կրկին այցելել է ՏԿԵՆ` ամփոփելու կատարված աշխատանքները

Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏԿԵՆ
Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են ՏԿԵՆ 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, էներգետիկայի ոլորտի ազատականացման գործընթացին, Հայաստան-Վրաստան փոխարկիչ կայանի և Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի, Մասրիկ-1 էլեկտրակայանի կառուցման ընթացքին, արևային էներգիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումներին:
Վարչապետն ընդգծել է էներգետիկ ոլորտի զարգացման ծրագրերի իրականացման կարևորությունը և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքների արդյունավետ կյանքի կոչման անհրաժեշտությունը:
«Վարչապետին տեղեկացվել է, որ շարունակվում է բնակելի շենքերում էներգաարդյունավետության ապահովման ծրագիրը, մասնավորապես, այն արդեն իսկ կյանքի է կոչվել 57 շենքում: Պատասխանատուների խոսքով՝ արդյունքում արձանագրվել է 40-50 տոկոս էներգախնայողություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, վարչապետին զեկուցվել է, որ Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու պարտավորությունը կառավարությունը հաջողությամբ իրականացնում է և այն լիովին կամփոփի մարզերում՝ 2023 թվականին: Երևանում արդեն իսկ ԲԳՎ-ներ են հատկացվել 270 ընտանիքի, իսկ մարզերում կհատկացվի 194 ընտանիքի:
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏԿԵՆ
Զեկուցվել է նաև երկաթուղային ոլորտում տեղի ունեցող զարգացումների, մասնավորապես, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Վարչապետը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացումը և նշել, որ երկարաժամկետ առումով պետք է ունենալ երկաթուղու զարգացման ռազմավարական տեսլական:
Հիշեցնենք` դեկտեմբերի 2–ին էլ էր Նիկոլ Փաշինյանն այցելել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: