ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Պեկինը հուսով է, որ տարածաշրջանի երկրները կամրապնդեն երկխոսությունն ու փոխգործակցությունը։ Այս հայտարարությունն արել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը` մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մենք հուսով ենք, որ տարածաշրջանի համապատասխան երկրները կամրապնդեն երկխոսությունն ու փոխգործակցությունը և համատեղ կպահպանեն տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև բնակչության հանգիստ կյանքը», - ասել է չինացի դիվանագետը:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Նշենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։