Նիդեռլանդները կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության շենքը
Նիդեռլանդների ԱԳ նախարարությունը ուշադիր հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։
«Նիդեռլանդներն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին։ Կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև խրախուսում ենք խաղաղ բանակցությունների վերսկսումը»,–նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Ադրբեջանին կոչերով ու հորդորներով ավելի վաղ դիմել էին նաև ԵՄ-ն, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Կիպրոսը, Կանադան, Հունաստանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Նշենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։