Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել

Հասմիկ Պողոսյան
Ըստ դատախազության` Հասմիկ Պողոսյանը պետությանը 100 մլն դրամի գույքային վնաս է պատճառել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ըստ հաղորդագրության` Պողոսյանը, 2012-2016 թթ. զբաղեցնելով նախարարի պաշտոնը, օժանդակել է «Սոխոսենթր» ընկերությանը հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» -ին պատկանող 300 քմ մակերեսով հողամասը: Արդյունքում պետությանը պատճառվել է 100 մլն դրամի գույքային վնաս:
Նշվում է, որ ոմն Գ.Դ.-ն և Հ.Ա.-ն, 2012 թվականին հիմնադրել են «Սոխոսենթր» ընկերությունը` նպատակ ունենալով հափշտակել Չայկովսկու երաժշտական դպրոցին տրամադրված հողատարածքը:
Հիմնադրումից 4 օր անց ընկերության տնօրեն Ն.Կ.-ն տարածքը ուսումնական նպատակով օգտագործելու կեղծ պատրվակով Երևանի քաղաքապետին ներդրումային ծրագիր է ներկայացրել։ Նա առաջարկել է Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել տվյալ տարածքում։ Եզրակացություն ստանալու նպատակով քաղաքապետը ներդրումային ծրագիրը հասցեագրել է Հասմիկ Պողոսյանին։ Վերջինս էլ, տեղեկացված լինելով ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, ծրագրին հավանություն է տվել։ Ծրագրին իր համաձայնությունն է տվել նաև Չայկովսկու երաժշտական դպրոցի տնօրենը, որը վերոհիշյալ ընկերության տնօրեն Ն.Կ.-ի եղբայրն է:
Բացի այդ, Պողոսյանը 2 նախագիծ է ներկայացրել կառավարություն, որոնցով առաջարկել է փոփոխություն կատարել արդեն իսկ առկա որոշման մեջ: Այն է՝ կատարել դպրոցի շենքի կապիտալ վերանորոգում, տեղեկացված լինելով, որ այն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով: Մեկ այլ փոփոխությամբ Չայկովսկու երաժշտական դպրոցի տնօրենի միջնորդության հիման վրա առաջարկվել է դպրոցին երաժշտական գործիքներ տրամադրել՝ դպրոցի մարզադահլիճի և այլ հատվածների հիմնանորոգման փոխարեն:
Հսկող դատախազը որոշում է կայացրել քրեական հետապնդումներ հարուցել նաև Գ.Դ.-ի, Հ.Ա.-ի, Չայկովսկու երաժշտական դպրոցի նախկին տնօրեն Մ.Կ.-ի, վերջինիս եղբայր Ն.Կ.-ի նկատմամբ:
Հիշեցնենք` 2021-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հասմիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Պողոսյանն անցնում է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ին պատկանող անշարժ գույքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու (փողերի լվացմամբ) դեպքի առթիվ հարուցված քրգործով։ Պարզվել է, որ նշված ՀԿ–ի նախագահության անդամ Գոռ Դավթյանը, ինչպես նաև նույն ՀԿ-ի հիմնադրած «ԱՕԿՍ» ընկերության տնօրեն, ՀԿ-ի նախագահ, Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և Հասմիկ Պողոսյանը ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Աբովյան 3 հասցեում գտնվող գույքով կատարել են ձևական օտարման գործարքներ։ ՀԿ-ի խորհրդի որոշմամբ հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 550 000 դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը։ Դրա տնօրենն է հանդիսացել Հասմիկ Պողոսյանի որդու կինը՝ Ֆրանչեսկա Կուտրուպին։