ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Անտոնիո Գուտերեշ
Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը տարածաշրջանում միջնորդական ջանքերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկի` կազմակերպության կայքում հրապարակված հայտարարությունում։
«Գլխավոր քարտուղարը կողմերին հորդորում է թուլացնել լարվածությունը և միջանցքով ազատ տեղաշարժ ու անվտանգություն ապահովել՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն», - գրել է Դյուժարիկը։
Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը տարածաշրջանում միջնորդական ջանքերին։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։