Հունաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին հորդորում է բացել Լաչինի միջանցքը

Հունաստանի դրոշ
Հունաստանի արտգործնախարարությունն ընդգծում է, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքը պետք է բացի առանց որևէ նախապայմանի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հունաստանն Ադրբեջանի իշխանություններին հորդորում է բացել Լաչինի միջանցքը։

«Հունաստանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ տեղաշարժ ու երթևեկության անվտանգություն ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով, երկու ուղղություններով` առանց որևէ նախապայմանի` 2020-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Տեղի բնակչությունը պետք է ազատվի զրկանքներից և տառապանքներից»,–ասված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter–ում։

Նշենք, որ Ադրբեջանին կոչերով ու հորդորներով ավելի վաղ դիմել էին նաև ԵՄ-ն, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Կիպրոսը, Կանադան։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Նշենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։