ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Գիշերը, երբ հայտնի է դարձել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Մարոկկոյի հավաքականի պարտության մասին, Ֆրանսիայի քաղաքներում անկարգություններ են սկսվել ֆուտբոլային երկրպագուների միջև։
Փարիզի ժանդարմերիան ստիպված է եղել լրացուցիչ ուժեր մտցնել մայրաքաղաքի կենտրոն, որպեսզի կարողանա կարգուկանոն ապահովել։
Մոնպելիեում զանգվածային ծեծկռտուք է սկսվել էթնիկ մարոկկացիների մասնակցությամբ։ Սոցիալական ցանցերում հրապարակված տեսագրություններում այրվող ավտոմեքենաներ են երևում։
Կադրերից մեկում տղամարդը փախչում է ագրեսիվ ամբոխից։
Գիշերը լարված մթնոլորտ է եղել Նիցցայում և Ավինյոնում։ Նանտում, Թուլուզում և այլ քաղաքներում, դատելով սոցցանցերում հրապարակված տեսագրություններից, երկրպագուներն ուրախացել են, բայց այնտեղ ընդհարումներ չեն եղել։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի հետ։ Խաղն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ ֆրանսիացիների:
Դեկտեմբերի 17-ին Մարոկկոյի հավաքականը երրորդ տեղի համար կմրցի Խորվաթիայի թիմի հետ: Իսկ դեկտեմբերի 18-ին աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Արգենտինայի հավաքականի հետ։