Եվրոպական դատարանը Ադրբեջանին ժամանակ է տվել Հայաստանի պահանջին պատասխանելու համար

ՄԻԵԴ
Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպական դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո դատարանը կկայացնի վերջնական որոշում: Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«Եվրոպական դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո դատարանը կկայացնի վերջնական որոշում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի (Լաչինի) միջանցքը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պետական նախարարը դեկտեմբերի 14-ից ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց անժամկետ նստացույց է սկսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով։ Այս գիշեր նրա հետ այնտեղ մնացել է ևս 15-20 մարդ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։