ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Միջազգային հանրությունն անկարող գտնվեց կանխելու Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, որը հանգեցրեց հազարավոր զոհերի, վիրավորների և տեղահանման նոր ալիքի։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ ԱԽ «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
«Հայաստանն աջակցում է բազմակողմանիության ինստիտուտները բարեփոխելու և Անվտանգության խորհուրդն ավելի ընդգրկուն և արդյունավետ դարձնելու ջանքերին, այդ թվում Հնդկաստանի ջանքերին՝ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող առկա և ի հայտ եկող մարտահրավերներին ու սպառնալիքներին արձագանքելու գործում:
Հայաստանն անմիջականորեն ականատեսն է եղել բազմակողմանիության հետընթացի հետևանքներին: Միջազգային հանրությունն անկարող գտնվեց կանխելու Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, որը հանգեցրեց հազարավոր զոհերի, վիրավորների և տեղահանման նոր ալիքի։
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը դեռևս պետք է հասցեագրվի։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ և խաղաղ ապրել սեփական հայրենիքում»,-մասնավորապես ասել է Արարատ Միրզոյանը։
Նա շեշտել է, որ հետընթաց է դրսևորվել Անվտանգության խորհրդի կողմից մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ իր պարտականությունները կատարելու անկարողությամբ։
«Հակամարտող կողմերից մեկն, ըստ էության, արգելափակում է այս ձևաչափի գործունեությունը։ Ավելին, միակողմանիորեն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է ուժի կիրառման միջոցով, դրանով իսկ խոչընդոտելով միջազգային միջնորդական ջանքերի միջոցով հակամարտության հնարավոր կարգավորմանը»,-նշել է ՀՀ արտործնախարարը հավելելով, որ չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները։
Միրզոյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վա, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից երկու տարի անց հայ ռազմագերիների հայրենադարձության խնդիրը մնում է չլուծված։ Ադրբեջանական կողմը շարունակում է իր խեղաթյուրումները՝ հումանիտար խնդիրներն արհեստականորեն հակակշռելու և հայ ռազմագերիների վերադարձը սակարկության առարկա դարձնելու նպատակով։
«Արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով իր միջազգային պարտավորությունները, արգելափակել է միակ կյանքի ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը՝ այդպիսով կտրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և արտաքին աշխարհից։ Մինչ մենք այս քննարկումն ենք անցկացնում, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից. մայրերը բաժանված են երեխաներից, անբուժելի հիվանդ մարդիկ չեն կարողանում բժշկական պարագաներ և օգնություն ստանալ։ Ավելին՝ ձմռան ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը: Հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենի, էներգիայի և ընդհանուր հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առջև և իրավիճակը չկարգավորվելու դեպքում կբերի աղետի»,-հայտարարել է նա։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է՝ նման պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը պնդում է, որ իրենք պատրաստ են ապահովել հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, և որ ոչ մի միջազգային մեխանիզմ կամ ներկայություն չի պահանջվում, բայց այն, ինչ հիմա ունենք, ի ցույց է դնում, թե ինչպես են նրանք պատկերացնում այդ երաշխիքները:
«Ստեփանակերտի հետ իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսությունից Ադրբեջանի հրաժարվելու հետ մեկտեղ, այս դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Բաքուն շարունակում է ցեղասպան քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ»,-շեշտել է Արարատ Միրզոյանը։
Ելույթի վերջում Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ թե՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում Ադրբեջանը հրաժարվում է կատարել սեփական պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել նաև բազմակողմ ձևաչափերով. Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը։