ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Անընդունելի է խնդիրներ ստեղծել քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը:
«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, դա պայմանավորված է հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցությունը լիարժեք կվերականգնվի»,–ասաց նա։
Նա ընդգծել է, որ միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, գտնվում է խաղաղապահների վերահսկողության տակ։
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո կողմերն իրենց վրա են վերցրել համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է անշեղորեն պահպանվեն։ Անընդունելի է խնդիրներ ստեղծել քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար»,– ասաց Զախարովան։
Նա նաև նշեց, թե պետք է մեկնաբանի ռուս խաղաղապահների նկատմամբ մերկապարանոց մեղադրանքներն ու սադրիչ գործողությունները.
«Որտեղից էլ դրանք ծագեն, մենք դրանք համարում ենք անթույլատրելի և ոչ արդյունավետ։ Ռուս խաղաղապահ զորախումբն արդյունավետորեն կատարում է իր խնդիրները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր»։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։