ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերթական անգամ հացադուլ է հայտարարել։ Այս անգամ նա բողոքում է Արդարադատության նախարարության ազգային ծառայության որոշման դեմ, որով նրան թույլ չի տրվում հեռակա կարգով մասնակցել դատավարությանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախկին նախագահի փաստաբան Շալվա Խաչապուրիձեին։
«Այսօր ինձ մերժեցին ներկա գտնվել սեփական դատավարությանը։ Սա վրացական և միջազգային բոլոր իրավունքների խախտում է։ Այդ պատճառով ես ստիպված եմ դիմել բողոքի ծայրահեղ ձևի՝ հացադուլի», — նշված է Սաակաշվիլիի նամակում։
Նախկին նախագահը նաև հայտարարել է, որ հացադուլը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ինքը չի ստացել դատական գործընթացին, գոնե տեսակապի միջոցով, միանալու հստակ երաշխիքներ:
Մեկնաբանելով Արդարադատության նախարարության որոշումը` Խաչապուրիձեն հայտարարել է, որ նման բան «նույնիսկ Ստալինը չի արել»:
Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բանտային պատժի կատարման հնարավոր հետաձգման գործով նիստը ՝ կապված նրա առողջական վիճակի մասին բժիշկների եզրակացության հետ:
Բժիշկները Սաակաշվիլիին թույլ չեն տվել ներկա գտնվել դատարանում առողջական խնդիրների պատճառով։ Սպասվում էր, որ նա դատավարությանը կմիանա հիվանդանոցից` տեսակապի միջոցով, որտեղ բուժում է ստանում բանտում երկարատև հացադուլից հետո: Սակայն քրեակատարողական ծառայությունում ասել են, որչունեն համապատասխան տեխնիկական սարքավորումներ տեսակապը ապահովելու համար։ Նախկին նախագահի կողմնակիցները վստահ են, որ Վրաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Սաակաշվիլին չհայտնվի հանրության առջև։