Ուզում ենք` ասեն, թե ճանապարհի հարցը ոնց է լուծվելու. արցախցիները ՌԴ դեսպանատան մոտ են

Արցախում այս պահին գազ չկա, էլեկտրաէներգիան մատակարարվում է ընդհատումներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Արցախցիներն այս պահին ակցիա են անում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև։
Նրանցից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենց պահանջը մեկն է` Լաչինի ճանապարհի ապաշրջափակումը։
«Ուզում ենք`ՌԴ դեսպանատնից մեզ պատասխանեն, թե ճանապարհի հարցը ոնց է լուծվելու, քանի որ խաղաղապահներն են պատասխանատվություն վերցրել եռակողմ հայտարարությանկատարման համար։ Ուզում ենք` ճանապարհն ապաշրջափակվի, և մեր հարազատներն իրենց բնականոն կյանքին անցնեն»,–ասաց ակցիայի մասնակիցներից Սերոբ Նալթակյանը։
Նա նշեց, որ արցախցի հարազատների հետ կապի մեջ են` էլեկտրաէներգիան չի բավականացնում ջեռուցման համար, և անջատումներ են լինում, շուտով գուցե նաև պարենային ապրանքների դիֆիցիտ լինի։
Նշենք, որ երեկ նույնպես ինչպես արցախցիները, այնպես էլ ՀՀ քաղաքացիները հավաքվել էին Երևանի Ազատության հրապարակում, որտեղից շարժվեցին դեպի ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ, ապա նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի դեսպանատներ։
Ակցիայի մասնակիցները նամակներ հանձնեցին` միջազգային հանրությանը կոչ անելով քայլեր ձեռնարկել Արցախում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։