ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, Թուրքիայի նախագահի հավանական թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ԿԸՀ ներկայացուցիչներին վիրավորելու համար դատապարտվել է 2 տարվա, 7 ամսվա ու 15 օրվա ազատազրկման։ Տեղեկությունը հաղորդում է A Haber հեռուստաալիքը:
Իմամօղլուն 2019-ի ՏԻՄ ընտրություններում հաղթելուց հետո ԿԸՀ-ի ներկայացուցիչներին «հիմարներ» էր անվանել։ Նրանք չեղյալ էին հայտարարել առաջին ընտրությունների արդյունքները, որոնցում նա նույնպես հաղթանակ էր տարել: Իմամօղլուն համարվում էր գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր մրցակիցներից մեկը Թուրքիայի ապագա նախագահական ընտրություններում։
«Իմամօղլուն դատապարտվել է 2 տարի, 7 ամիս և 15 օր ազատազրկման։ Մյուս կողմից, որոշվել է կիրառել 53-րդ հոդվածը, որը քաղաքական գործունեության արգելք է ենթադրում», - նշված է հաղորդագրության մեջ։
Քաղաքական գործիչն իր կողմնակիցներին կոչ է արել գալ դատարանի շենքի մոտ, նրա պաշտպանությունն էլ արդեն հայտարարել է որոշումը բողոքարկելու մտադրության մասին: Քաղաքական գործունեության արգելքն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է վերադաս մարմնի հավանությունը ԿԸՀ դիմումի հիման վրա։
Հիշեցնենք, որ հերթական համընդհանուր ընտրությունները (նախագահական և խորհրդարանական), Թուրքիայում նշանակված են 2023 թվականի հունիսի 18-ին։ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: