Պուտին–Փաշինյան–Ալիև հանդիպումը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հիշեցրել է, որ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը դեռ համաձայնեցված չէ։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Դրա հետ մեկտեղ, ինչպես գիտեք, նախատեսված է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որտեղ նրանք առնվազն շփվելու հնարավորություն կունենան», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Հիշեցնենք` Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ մինչև ամսվա վերջ կարող է Փաշինյան–Ալիև հանդիպում կայանալ։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 31-ին Սոչիում (ներկա է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը)։ Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։