Նպատակը շրջափակման վերացումը չէ, այլ կրկնություն թույլ չտալը. Բեգլարյանը նստացույց է անում

Արտակ Բեգլարյան
Նա նշեց` արցախցին ամուր կանգնած է Արցախում, միայն պիտի զգա, որ մենակ չէ, տեսնի, որ ամբողջ հայ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Երևանում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով անժամկետ նստացույց սկսած Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը վստահ է, որ պետք է հնարավորինս հետևողական, շղթայական, ցանցային մեծ պայքար սկսել։ Լրագրողների հետ զրույցում Բեգլարյանն ասաց, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունների նպատակը չպետք է լինի շրջափակումներ վերացումը, քանի որ դրանից հետո, միևնույնն է, Ադրբեջանը մոտ 1-2 շաբաթից նույնն է անելու։
«Մենք պետք է հասնենք նրան, որ շրջափակումը վերացվելուն զուգահեռ նաև գործուն երաշխիքներ ստանանք, որ նմանատիպ դեպքեր չեն կրկնվի։ Դրա համար Ադրբեջանը պետք է բարձր գին վճարի` կլինեն դրանք սանկցիանե՞ր, թե՞ ռազմական, քաղաքական կամ իրավական գործիքակազմեր, բայց միանշանակ դրանք պետք է կիրառվեն։ Եթե չարվի, Ադրբեջանն անընդհատ շարունակելու է խախտել մեր կարմիր գծերը, զիջումներ լինեն ու ստանա թե Արցախը, թե ամբողջ Հայաստանի Հանրապետությունը»,– նշեց Բեգլարյանը։
Նա հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից կարվի առավելագույնը և կկիրառվեն բոլոր գործիքակազմերը, որպեսզի այս փուլում պաշտպանված լինեն Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները։
«Մենք այլևս տարբերակ չունենք զիջելու։ Ադրբեջանը անընդհատ նոր զիջումներ է ուզում և մի օր ասելու է` ռադ եղեք այստեղից»,–ասաց նա։
Նա նշեց` արցախցին ամուր կանգնած է Արցախում, միայն պիտի զգա, որ մենակ չէ, տեսնի, որ ամբողջ հայ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին։ Այդ դեպքում կկարողանան նաև այս փուլը հաղթահարել։
Լաչինի մասով ՔՊ–ի հայտարարությունն ավելի լավ է` չարվի. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։