ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախագահ Վյոսա Օսմանին, վարչապետ Ալբին Կուրտին և խորհրդարանի խոսնակ Գլաուկ Կոնյուֆցան Պրիշտինայում հանդիսավորությամբ ստորագրել են ԵՄ-ին անդամակցելու հայտը, որը վաղը կփոխանցեն Բրյուսելին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Օսմանին հայտարարել է, որ դեկտեմբերի 14-ը Կոսովոյի համար պատմական օր է։
«Մի կողմից նշում ենք ԵՄ-ին անդամակցելու հայտը, մյուս կողմից` Կոսովոյի բանակի (անվտանգության ուժերի խմբ.) հիմնադրման տարեդարձը։ Կոնյուֆցայի և Կուրտիի հետ Կոսովոյի Հանրապետության անունից վճռական քայլ ենք անում ԵՄ-ի հետ մերձենալու ուղղությամբ»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ Սերբիայի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ Արևմուտքը լուրջ ճնշում է գործադրում, որպեսզի Բելգրադը ճանաչի Կոսովոն: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նշել էր, որ Կոսովոյում իրավիճակն օրեցօր ավելի է թեժանում։